Այսօր կարդացի որ ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահը... բազմաթիվ մեղադրանքներով, որոնցից է նաև «փողերի լվացում»: Ես հիմա չեմ խոսում կոնկրետ դեպքի մասին, այլ ուզում եմ այսօրվա իշխանավորների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որն արդեն օրինաչափ է դարձել՝ բոլոր նրանք, ովքեր աշխատում են ինչ-որ շրջան Փաշինյանի հետ, ձերբակալվում են։
Սա ուղղակի որպես լիրիկական մեջբերում, կամ մտորելու նյութ այսօրվա ՔՊ-ականներին, որպեսզի մտածեն թե արդյոք այն գումարները, որոնք այսօր գրպանում են համեմատակա՞ն են դրանից հետո այն ազատազրկմանը, որն իրենց մեծ հավանականությամբ սպասում է։ Սակայն այսօրվա զավեշտը ոչ թե ՔՊ-ականների այս մտորումն ու վախն է, այլ այն բնական վախը, որն ուժեղանում է ամեն բացվող օրվա հետ, ինչքան մենք մոտենում ենք 2026 թվականի ընտրություններին։
Հիմա ակտուալի մասին՝ բոլորիս ուշադրությունը ԱՄՆ-ում տեղի ունեցող հանդիպումն է և բազմաթիվ ամենատարբեր կարծիքներ կան կապված այդ հանդիպման հետ։
Փորձեմ արտահայտել իմ կարծիքը:
Խնդրում եմ՝ հաշվի առեք, որ սա ուղղակի կարծիք է այլ ոչ համոզմունք։ Ասեմ ավելին, որ այն, ինչ ստորագրվելու է ԱՄՆ-ում, եթե նույնիսկ ստորագրվի դա իմ կարծիքով «մի յուղոտ անձեռոցիկի վրա խզբզած» նախապայման է լինելու, որը ոչ մի իրավական նշանակություն չի ունենալու... ու սա ոչ թե այն պատճառով, որ Նիկոլը չի ուզում, այլ այն պատճառով, որ Ալիևը պատրաստ չէ այսուհետև չունենալ անսահմանափակ իշխանություն Փաշինյանի նկատմամբ, իսկ նրա հիմնական խնդիրը ՀՀ-ի չլինելիությունն է:
Բայց խնդիրն այլ է՝ Փաշինյանը գնացել է ինչ-որ թուղթ ստորագրելու Զանգեզուրի միջանցքի մասով, որից ՀՀ արևմտամետները սկսել են «տաք-տաք միզել», ու մի «ոգևորության ոռնոց» են դրել, որ էլ չասած։ Ամեն դեպքում ես մի հարց ունեմ արևմտամետներին, որոնք հիմա արդեն Օստապ Բենդերի նման, Հայաստանում «Նյու Վասյուկի» են կառուցում.
«Տղե՛րք, էն Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մասով բան չունե՞ք ասելու...»:
Հիմա ես չհասկացա՝ բաբաջ-խզմալյան-սաֆարյաններ ու սաքունց-բարսեղյան-շիրինյաններ Ստոկհոլմի արբիտրաժային որոշումը չկատարելն ու Եվրամիության հեղինակության հետ խաղալը ճի՞շտ եք համարում, որ ձայն չեք հանում: Ախր Դուք ձեզ կովբոյ եք զգում միայն այն ժամանակ, երբ մտած եք Նենսի Փելոսիի շրջազգեստի տակ, բա չե՞ք մտածում, որ Փաշինյանի կողմից, Եվրամիության նման կառույցի, այդ կերպ արժեզրկումն ու ստորադասումը ինչ թանկ գին կնստի ՀՀ-ի, և անձամբ ձեր վրա, բա դուք այնտեղից եք չէ ֆինանսավորվում...
Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ
Հ.Գ.
Նկարում՝ Փաշինյանը փորձում է իր գլուխն օգտագործել ոչ միայն ուտելու համար, ու չի ստացվում: